Ռուբեն Ֆիլյան

Армянская, русская, зарубежная | Հայ, ռուս, արտասահմանյան

Модераторы: Muza voina, Marita

Ռուբեն Ֆիլյան

Сообщение mhovhan » 31.05.2007, 23:20:39

Ռուբեն Ֆիլյան

ՀԱՇԻՎԸ

Փոքր հրապարակում երեք աղավնի զրուցում էին.
- Օհ, նորից նույնը, - մրմնջում էր առաջինը:
- Նույն երկինքը, - փնթփնթում էր երկրորդը:
Իսկ երրորդը երբեմն, երբեմն թևը առաջ էր պարզում ու բղավում.
- Քարե դար է, քարե դար…
Փոքր հրապարակից երեք աղավնի մեկնեցին մեծ հրապարակ:
Մեծ հրապարակից երեք աղավնի ձանձրացած ամեն ինչից մեկնեցին փոքր հրապարակ՝ շրջելու…
Եվ գիշերը, երբ այդ երկու հրապարակի պահակներն էլ աղավնիների թիվն էին հաշվում՝ ոչինչ չնկատեցին…


23/11-1969

ՄԱՐԴԻԿ
իՐԱԿԱՆ ԴԵՊՔ

Մարսից ինչ-որ մեկը երկիր եկավ ու խլացավ՝ լսելով անվերջ ու ահավոր մի ճիչ:
Մարդիկ ոչինչ չնկատեցին, քանզի մարսեցին օդի գույն ուներ:
Մարդիկ չեն խլանում, և մարսեցիներ են երազում…


ՍՈՒԳ

Բոլորը «վերարկու» էին ասում, իսկ մի հիմար՝ «վերնաշապիկ»: Հիմարը մեռավ:
Մարդիկ սիրում էին նրան ու սև վերարկուներ հագան…


ՄԱՔՈՒՐ ԳԵՏԻՆԸ

Գետինը տրորում են մարդիկ: Հետո նույն մարդիկ մաքուր ասֆալտում են գետինը, գետինը չի հասցնում մաքուր մնալ, ու դարձյալ տրորում են: Եվ այսպես անվերջ տրորում են մարդիկ այս գետինը:
Ուրիշ գետին չկա…


ՄԻ ՀԱՉՈՂ ՇՈՒՆ ՈՒ ՄԻ ՍՈՒԼՈՂ ՏՂԱ

Երկու տարբեր ձայներ փողոցի ծայրերից միմյանց էին մոտենում:
Երբ մոտեցան, չափազանց վախեցան իրարից ու փախան նույն ճանապարհով:
Շունը չէր հաչում ու վազում էր, կարծելով, թե տղան հետապնդում է իրեն:
Տղան էլ, այլևս չէր սուլում և մտածում էր, թե ուր որ է՝ շունը կհասնի:
Իրար հակառակ ուղղությամբ վազում էին մի շուն ու մի տղա…

10/ 12- 1969


ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Նրա ոտքի տակ մի որդ ճզմվեց ու նա մտածեց՝ արժե՞ արդյոք զզվել: Երբ զգ աց, որ տարակուսում է՝ որոշեց չզզվել…

4/101969թ


ՓԱԽՉՈՒՄ ԷՐ ՄԻ ՄՈՒԿ

Պահարանի տակ մի անցք կա:
Հիմա մի մուկ հանել է իր գլուխը այդ անցքից: Ինչ-որ մեկը խոսում էր…
Մուկը չափազանց վախեցավ ու փախավ… Սակայն հասցրեց իր հետ տանել մի բառ՝ ձանձրույթ…


ՆԱՐԵԿԱՑԻ

Եկեք հոտնկայս խմենք հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու կենացը: Սակայն այս կենացը խմելու իրավունք ունի այն սեղանակիցը, որը հինգ մատի պես գիտի բանաստեղծի գործերը:
Մենք կանգնեցինք ու ամբողջ ուժով միմյանց խփեցինք մեր բաժակները: Սակայն հենց այս րոպեին էլ որոշեցինք բոլորս գերազանց իմանալ մեր մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Մենք սրճարանից դուրս եկանք ու քայլերս ուղղեցինք դեպի գրախանութ: Գրախանութում Նարեկացու ստեղծագործություններից ոչինչ չկար:
Չնայած դրան, մենք ինչ-որ հրաշքով գտել էինք «Տաղերն» ու «Մատյան ողբերգության»-ը և հաստատ համոզված եմ, որ բոլորս էլ այդ գրքերը պահում էինք մեր բարձերի տակ: Բոլորս էլ մեծ ագահությամբ էինք կարդում Նարեկացուն ու ամեն շաբաթ էլ հանդիպում էինք մեր սրճարանում: Չնայած դրան, մենք այլևս երբեք Նարեկացու կենացը հոտնկայս չենք խմում…

12/9-1969


ԶՐՈՒՅՑ

Մի հիմար որդ ու մի որդ նույն տերևն էին կրծում ծառի վրա:

- Իմ համար միևնույնն է՝ ծառի վրա կրծել, թե գետնի, ասում է հիմարը:
Իսկ այն որդը, որը հիմար չէր, ինքն իրեն փնթփնթում էր.
Ես գերադասում եմ ծառի վրա, քանի որ գետնի վրա ճզմվելու վախը ավելի շատ է…

<Կշարունակեմ զետեղել...>
mhovhan
 
Сообщения: 16
Зарегистрирован: 14.05.2007, 20:30:19
Откуда: Moscow, Russia

Сообщение SAS » 01.06.2007, 13:53:54

mhovhan,

շնորհակալություն: Եթե դժվար չէ գրեք մի երկու խոսք իր մասին:
SAS
почётный
 
Сообщения: 85
Зарегистрирован: 22.11.2003, 18:32:03

Сообщение mhovhan » 01.06.2007, 17:06:02

Վստահ էի, որ Ռ. Ֆիլյանի պատմվածքներն ու մանրապատումներն անտարբեր չեն թողնի: Գիրքը, որից վերցված են մանրապատումներն ու պատմվածքները, կոչվում է «Քո երկրի դեսպանը»: Հրատարակված է Երևանում, «Նաիրի» հրատարակչությունում, 1992թ. (!), Ռ. Ֆիլյանի հոր՝ Պարգև Ֆիլյանի ծախսերով: Գրքում զետեղված են «Քո երկրի դեսպանը», «Անծանոթ ինքնակենսագրություն»-ը (Հեքիաթներ մեծահասակների համար) և պատմվածքներն ու մանրապատումները: Իրականում շատ ուզում եմ թվայնացնել «Քո երկրի դեսպանը» գործը, ուղղակի հիմա ձեռքիս տակ սքաներ չկա: Այսօրվա իրականության համար խիստ այժմեական գործ է՝ բավականին հետաքրքիր ու ինքնատիպ, մեր՝ հայ կոչվող տեսակի մասին, մեզ համար: Չնայած պատմվածքները նույնպես արժանի են ուշադրության և սիրո: Գնել եմ գիրքը Երևանում, երևի հենց 1992-ին, արդեն չեմ հիշում, բայց ինձ համար հայտնություն էր, այն էլ այդ տարիներին: Տպագրվել է 4000 օրինակով: Ես կփորձեմ մի փոքր հատված զետեղել «Քո երկրի դեսպանից», ու եթե հասկանամ, որ առաջիկա մի քանի ամսվա մեջ սքաների չեմ հասնի, անպայման ուղղակի կհավաքեմ համակարգչի վրա: Իսկ մինչ այդ կլինեն պատմվածքներն ու մանրապատումները: Հուսով եմ, որ որևէ հեղինակային իրավունքներ չեմ խախտում: Ցավոք, Ռ. Ֆիլյանի մասին կենսակագրական տվյալներ չունեմ, դրա համար ուղղակի ստորև մեջ եմ բերում գրքի առաջաբանը Ռուբենի մասին, որը գրել է Արմեն Շեկոյանը:

ՈւԽՏԱՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ


Դժվար է գրել Ռուբեն Ֆիլյանի մասին, բայց անհրաժեշտ է, անհրաժեշտ է առաջին հերթին հենց մեզ: Համոզված եմ, որ իր մասին շատ-շատերն են գրելու, մանավանդ՝ սույն գիրքն ընթերցելուց հետո: Կգրեն գրողներն ու քննադատները, արվեստագետներն ու արվեստաբանները, բայց, համոզված եմ, բոլորն էլ կդժվարանան ընդհուպ մոտենալ բուն ՌՈՒԲԵՆ ՖԻԼՅԱՆԻՆ, նրան՝ ով ընդամենը երեք տասնամյակ ճաշակելով կյանքի քաղցրադառնահամ պտուղը, հույժ հանկարծակի հեռացավ մեզնից՝ մեզ ընծայելով իր անզուգական գոյության անկրկնելի առասպելը:

Գրող էր ծնվել, բայց գրողների հետ հազվադեպ էր առնչվում, քանզի ատում էր գրքայնությունն ու հույժ խորհրդայնացված գրող-գրող խաղը: Իր ընկերական մեծ շրջապատի անդամները հիմնականում նկարիչներ էին, դերասան-ռեժիսորներ. նրա բազմախորհուրդ հոգին մատչելի էր միայն նրանց՝ ում համար հատկապես և առաջին հերթին էր կարևոր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ կարգախոս-տեսլականը:

Գրող էր ծնվել, բայց ոչ երբեք խորհրդային հասարակարգում ապրել-ստեղծագործելու համար: Այդ հասարակարգում առաջ գնալու, պաշտոններ հասնելու բյուր հնարավորություններ ուներ, բայց այդ հնարավորություններից վայրկյան իսկ չօգտվեց, զի ողջ հոգով էր ատում սուտը, կեղծիքը, սին փառքն ու սնապարծությունը:

Գրող էր ծնվել, բայց մեզնից շատ էր տարբեր: Ատում էր գրքայնությունն ու գրքամոլությունը, բայց ստիպված էր գրել, որովհետև իր համար ամենագլխավոր ԲԱՆՆ էր: Թվում էր, թե լավ իմացել ու ճանաչել եմ իրեն, բայց կարդալով այս գիրքը, նոր միայն հասկացա, որ ինքը մեզնից առաձինն էր, որ փորձեց մոտենալ ու ճանաչել Աստծուն. ինքը ամենաջահել տարիքում փորձեց այդ անել:

Գրող էր ծնվել, բայց ահավոր կարճ ապրեց: Ճիշտ է, հասցրեց ճակատագրով իրեն բաժին հասած ժամանակը լցնել իր ամբողջական ինքնությամբ ու անկրկնելի կենսագրությամբ, բայց գրողի իր ասելիքը դաժանորեն կիսատ մնաց:

Իրեն հավերժորեն հուզող կենաց ու մահվան փիլիսոփայության մեջ շատ էր խորացել ու առաջացել և հույս չուներ իրեն անվերջ ուղեկցող բարդագույն հարցերի պատասխանները մեզնից ստանալ: Նա հեռացավ՝ երկնի անհունում փնտրելու ամենայն պատասխան:
Արդեն մեկ տասնամյակ է, ինչ նա լքել է մեզ: Ահավոր կարճ ապրեց, և ուշացումով լույս տեսնող այս գիրքը դժվար թե լիակատար մխիթարանք հանդիսանա ծնողների, հարազատների ու մտերիմների համար, քանզի այս գիրքը նրա հոգու արտացոլանքն է լոկ:
Բայց… նա մեծ մխիթարանք է, քանզի այս էջերից մեզ տեսանելի է դառնում անկրկնելի Ռուբոյի անզուգական հոգու ճախրանքը:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
mhovhan
 
Сообщения: 16
Зарегистрирован: 14.05.2007, 20:30:19
Откуда: Moscow, Russia

Сообщение mhovhan » 03.06.2007, 13:11:13

Խոստացածս հատվածները Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպից:



Մեր պատմության թանգարանի դուռն անաղմուկ բացվեց ու մենք ներս մտանք լուռ քայլերով: Թանգարանի աղջիկը հանդարտ ուղեկցեց մեզ դեպի առաջին սրահը Մեր պատմության: Եվ պայծառ լուսավորված ցուցասրահի հենց առաջին պատից մեզ էր նայում մեծացված լուսանկարը Անգլիայի պրեմիեր մինիստր Ուինսթոնը իր աշխատասենյակում և՝ մեջքով դեպի մեզ կանգնած ինչ-որ մարդիկ: Ու անմիջապես մի հարց ծագեց, թե ինչ կապ ունի Ուինսթոնը, մի՞թե Մերերկրացի է: Իսկ թանգարանի աղջիկը ուշադրություն հրավիրեց ու հենց դրանից էլ սկսվեց Մեր պատմությունը…

_Այս լուսանկարը, _ վարժ սկսեց նա՝ առաջ տանելով ձեռքի երկար ցուցափայտը, _ դարասկզբին է պատկանում: Ինչպես տեսնում եք՝ նստած է ահա Անգլիայի պրեմիեր-մինիստրը: Այս կիսադեմով կանգնածը նրա օգնականն է, իսկ մեջքով դեպի մեզ կանգնած այս մարդիկ Մեր երկրի ներկայացուցիչներն են՝ կուսակցության լիդերները, որոնց ընդունել է պրեմիեր-մինիստրը: Շատ տարիներ անց մեզ է հասել նրանց խոսակցությունը, որը գաղտնի գրանցվել է ահա այստեղ ցուցադրված ժապավենի վրա: Եվ քանի որ ժամանակը թանկ է, ուղղակի մի քանի խոսքով պատմեմ, թե բաննն ինչն է: Մեր երկրի ներկայացուցիչները մեծ դժվարությամբ, սակայն վերջապես ինչ-որ ձևով համոզում են օգնականին, որ նա զեկուցի իրենց մասին, ու ահավոր զբաղված պրեմիեր-մինիստրը ընդունի գոնե մի երկու րոպեով: Այնքան համոզիչ են խնդրում ու այնպիսի բան են ասում, որ օգնականը՝ լրիվ գլուխը կորցրած, առանց զեկուցելու բաց է անում առանձնասենյակի դուռը ու բոլորին ներս հրավիրում: Պրեմիեր մինիստրը գլուխը բարձրացնում է թղթերից՝ զարմացած նայելով իր օգնականին ու մտնողներին, դարձյալ՝ իր օգնականին: Եվ հետո անմիջապես սթափ տոնով հարցնում. «Շտապեք, ասեք՝ ով եք, ինչ եք ուզում»: Եվ խոսում է մեր ներկայացուցիչներից միայն մեկը, որն անգլերեն գիտեր, և նա ասում է. «Հաշվի առնելով Անգլիայի և մեր դարավոր բարեկամությունը, այս օրհասական պահին, երբ ավերում են Մեր երկիրը ու այդ եղեռնագործությունը օր-օրի ավելի մեծ թափ է ստանում՝ մենք եկել ենք օգնություն խնդրել Ձեզ…»
_ Անգլիան, - ընդհատում է նրան պրեմիեր-մինիստրը,-չունի բարեկամ ու թշնամի՝ մենք ունենք միայն շահ ու վնաս: Վերջ:
«Իսկ որտեղ է գտնվում այդ «Մեր երկիրը» հարցնում է Ուինսթոնը՝ սեղմելով կոճակը, և վերևից, դիմացի պատից դանդաղորեն իջնում է աշխարհի քարտեզը՝ քաղաքական թեքում տված: Եվ ահա այդ մեծ քարտեզի վրա ոչ մեկը չի կարողանում գտնել Մեր երկրի տեղը: Ձեռքից-ձեռք անցնող ցուցափայտիկը երկար ու ապարդյուն պտտվում է Ասիայի վրա, հետո դանդաղորեն սահում բոլոր մայրցամաքների վրայով և անօգնական իջնում ցած՝ չկա…
Մեր ներկայացուցիչները գլխիկոր դուրս են գալիս, իսկ այլայլված օգնականը այդպես էլ մնում է տեղում մեխված-կանգնած:
-Վաղը, - խիստ տոնով դիմում է նրան պրեմիեր մինիստրը, - առավոտյան գրավոր կներկայացնես այս մարդկանց ով և ինչ լինելը, իսկ հիմա կարող ես տուն գնալ: Վերջ:
Եվ դուրս է գալիս օգնականը՝ մտազբաղ ու ցրված: Բայց առավոտյան նա ճշտորեն կատարում է իր հանձնարարությունը՝ ներկայացնելով ահա այս գիրքը Մեր մասին, որից մեկական օրինակ թանգարանը նվիրում է բոլորին այցելության վերջում…

Մենք ուշադիր զննում ենք լուսանկարը՝ մի բան կար մեջքով դեպի մեզ կանգնած այդ մարդկանց մեջ, շատ պարզ մի բան ու այնքան անհասկանալի, և թվում էր, որ այդ բանն անպատճառ կպարզվեր, հայտնի կդառնար, եթե հանկարծ նրանք շուռ գային դեպի մեզ, ու այդժամ միայն կկարողանայինք տեսնել Բանը նրանց դարասկզբյան աչքերում, կամ գուցե գրքի մեջ գտնվեր այդ Բանը… Ու մենք հետաքրքրությամբ սպասում էինք մինչև այցելության վերջը՝ անցնելով տարբեր սրահներով, որտեղ կախված էին գեղեցիկ գորգեր, սրեր, արծաթե գոտիներ ու դրամներ և շատ-շատ գեղեցիկ բաներ, որոնք մտնում են Մեր պատմության մեջ, որովհետև գեղեցիկ են…

Այսքանը, - ասաց թանգարանի աղջիկը, - հաջորդ սրահում դեռ ոչինչ ցուցադրված չի՝ այն նախատեսված է վերջերս ջրի տակ հայտնաբերված քաղաքի արժեքավոր հնությունների համար, որոնք շատ շուտով այս սրահում կգրավեն իրենց տեղերը: Իսկ առայժմ՝ այսքանը։ Ցտեսություն, բարի ճանապարհ ձեզ…
Մենք գիրքը ձեռքներիս դուրս եկանք թանգարանից ու նստեցինք Մեր կառքը՝ ինչպես որ իր մեքենան անվանում էր մեր փորձառու վարորդը։
_Եկեղեցի՞, թե պանդոկ, - հարցրեց ուղեկցողին կառապանը՝ ինչպես մենք էինք կոչում մեր փորձառու վարորդին, և ուղևորվեցինք դեպի հեռավոր եկեղեցին: Մենք հարմար տեղավորվեցինք ու արդեն պատրաստվում էինք թերթել գիրքը, երբ ետևից, շատ թույլ, հազիվ լսելի կանացի մի ձայն հասավ մեզ… և մենք հիշեցինք՝ չէ որ այդ ձայնը կար նաև վաղ արևածագին, երբ Հեռավոր Ամերիկայից ժանանած Մեր ինքնաթիռը լուսավոր երազի նման փափուկ վայրէջք կատարեց, ու մենք Մեր երկիրը հասանք վաղ արևածագին, երբ քնած ենք ամենքս քնով միամիտ ու անուշ՝ անվերադարձ երազի քնով: Այդ ձայնը կար, երբ «զբոսաշրջիկներին» փնտրելով՝ մաքսատան ապակե դռներից ներս մտավ Մեր ուղեկցողը, մոտեցավ մեզ ու ներկայացավ, և նրա ուղեկցությամբ դուրս եկանք ու նստեցինք մեզ սպասող կառքը:
….....................

Եվ հնչեց նրա դարասկզբային ձայնը՝ անցնելով մեծ-մեծ քարերի միջով ու պատմելով այդ քարերի պատմությունը, որոնք ոչ թե քար ծնվել էին, այլ՝ առաջացել հողից, երբ մի օր իր աչքի առաջ, բոլորիս աչքի առաջ, հողի աչքի առաջ սևազգեստ Մեր մայրերը միանգամից ավելացան աշխարհում մեկ ու կես միլիոնով, և հողը սարսափից քարացավ:
Իսկ քարերը երկար են ապրում՝ դրանք Մեր հողի արձաններն են… Եվ արյան գետը հոսեց աշխարհով մեկ՝ դեպի մոռացման օվիկանոսը: Սակայն այս մի քիչ, դիմացկուն, չքարացած հողը չէր մոռանում ու ամեն տարի այդ ամսին, գարնանային այդ օրը հացից ու բոլոր պտուղներից արյան համ էր գալիս և մի Բանը ստիպում էր բոլորին քարերի հետ, քարերի կողքին լռել… և ավելի էր շեշտվում արձանների լռությունը ու ողջ մեր Երկրից երկինք էր արձագանքվում միայն մի Բան՝ լռություն…

_ Եվ հիմա Բանն արդեն այնտեղ է հասել, որ պիտի գնաք, և գուցե դուք հասնեք Այնտեղ, այդ Բանին…

….

Եվ այդ ամայության հեռավոր բացատներում ապրում էին ինչ-որ մարդին՝ Մերերկրացինեը ու հենց նրանք էին փնտրում մեր աչքերն այդ ամայության մեջ:

…. «Ընդհանրապես բոլորն էլ շատ նման են իրար, բայց և ամեն մեկն այնքան տարբեր է հենց ինքն իրենից։ Եվ միևնույն է՝ աշխարհի որ ծայրում էլ լինի՝ մի Բանը զգացնել կտա, որ նա՝ նա է, ինքն է, իր երևույթն է, Մերերկրացի է…»

«Կարծես առաջանում են և ոչ՝ ծնվում, խելագարվում են, ոչ գժվում, գտնվում են՝ ոչ ստեղծվում, մահանում, ոչ՝ մեռնում, հայտաբերվում են, ոչ՝ հայտնագործվում, գնում են և ոչ՝ հեռանում…»

«Իր երևույթը, ինքը, շատ որոշակի է՝ նա կամ ինքն է, կան ինքը չէ: Տեսակը մեկն է ու միակը՝ ոչ մի խառնուրդ, միջանկյալ արտահայտության ոչ մի նշույլ, հնարավոր ոչ մի տարբերակ՝ սրանից, կամ՝ նրանից: Ունի իր դեմքի կոնկրետ, հատու, հստակ դիմագիծը, իր երևույթի դիմագիծը, իր դարավոր արտահայտությունը՝ երբեք չի հրաժարվի դրանից ու պիտի չփոխի այն…»

«Աշխատելու երկու ձև ուներ՝ հեռադիտակով ու մանրադիտակով: Իրենը առաջինն էր, սակայն հենց ինքը ամենաամուրը կառչեց մանրադիտակին, հետո արդեն հեռադիտակի մեջ միայն մանր Բան էր փնտրում, փոքրիկ մի Բան՝ այդ Բանի մեջ հայտնագործելով իր անսահմանությունը…»
«Եվ իր ճարտարապետությունը հանճարեղ անվստահության ու կասկածանքի, թերահավատության արդյունք էր կարծես, իր խոստովանությունը՝ երկնքին, աշխարհին ու ինքն իրեն…»
«Այնտեղ, որտեղ այդ պահին է, կկառուցի հոյակերտ մի տաճար, պայմանով միայն, որ ինքը կողքին ապրի՝ թեկուզ հավաբնում, կամ՝ մռայլ ու անհրապույր տնակում…»

«Եվ Աստված տեսավ, որ բարի են…»

«Ձմեռն այնքան է սպանել ու գարունը՝ վերակենդանացրել, որ հոգնել են, հոգնել անընդհատ վերակենդանանալուց…»
«Ամռանն՝ աշունապաշտ է, աշնանը՝ արևապաշտ, ձմռանը՝ աշունապաշտ, գարնանը՝ գարունապաշտ…»
«Այնքան փոքր ու խեղճ են, որ չեն կարող մի կարգին անտառ աճեցնել, սնել, պատվաստել, և միայն ենթագիտենալով այդ բանը՝ մի կողմ են դնում ողջ անտառը ու սնում են ամբողջապես իրենցով պատվաստված մի ծառի, որն և աճում, հավասարվում է աշխարհի բոլոր անտառների ամենաբարձր ծառերին, բայց և միաժամանակ ամեն ինչ անում են, որ իրենց օրոք ծառը բարձր չերևա, ու միայն օտար անտառների ողջունող գովեստներից հետո են ընդունում, որ ծառն իսկապես բարձր էր: Այն էլ միայն մի դեպքում՝ ծառարձանի կողքին լուռ կանգնած…»
«…Իսկ նա իր ստեղծագործությունների տակ կստորագրի օտար լեզվով, քանի որ բոլորն էլ Ուրիշի պատմածից ավելի են տպավորվում, քան իրենց տեսածից…»
«Եվ արդեն իր լավը Ուրիշի միջոցով է ընդունում միայն, իսկ Ուրիշի լավի հանդեպ էլ միշտ թաքուն անհավատություն ունի…»
«Իր վիճակը հուսացողի վիճակ է, ոչ թե՝ հույսերի իրականացման»։
«Դարերով կարող է հլու-հնազանդ ծառայել իր տիրոջը, հսկողին, բայց՝ իր մեջ նոր տեր գտնելու հույսը փայփայի ու քարշ տա շարունակ։ Սակայն նոր տիրոջ, հսկողի գաղափարն էլ այնպիսին լինի, որ տերը լինի իր իշխանության տակ. գանձի արկղիկը լինի իր մոտ՝ բանալին Ուրիշի գրպանում…»
«Միաժամանակ ուզում է ազատ լինել, անկախ ամեն մեկից ու ամեն ինչից, բայց և միշտ կարծես հատուկ է այնպես անում, որ մեկն անպայման լինի՝ ավագ ընկեր, կին, իշխող, ծնող, որին զեկուցի, խոստովանի, պատմի ու համարյա պարտավոր լինի պատմել կատարվածը, օրվա դեպքերը, գաղտնիքները, հանդիպումները՝ թե ինչը ինչպես եղավ և ինչու: Սակայն կա մի Բան, որի մասին կասի միայն օտարերկրացուն:»
…. ...............

«Իր իսկական կիրքը հեթանոսական էր՝ ինքն ընտրեց քրիստոնյայի սերը: Ամենաշատը ինքը սիրեց քույրերի, մոտիկ ու հեռավոր ազգականների հետ կրքային հարաբերությունները ու ինքն էր, որ պաշտոնապես առաջինը հրաժարվեց դրանից, որպեսզի հենց իրեն էլ խստորեն պատժի այդ մեղքի դեմ ստեղծած օրենքներով: Ամենամեծ պատիժը սահմանեց ու այդ Բանը խախտելու գաղտնի հաճույքն էր, որ ամենաշատը սիրեց ինքը… »
«Ամուսնությունն ու սերը զատում է իրարից՝ կարծես լրիվ տարբեր բաներ, կարծես չի ուզում գեղեցիկ սիրո պահը խաթարել ամուսնությամբ։ Որովհետև իր սերը բազմազան է ու տարօրինակ՝ կարող է սիրել իրեն, լույսը, կնոջ թմրություն, կենդանի, աստղերից մեկը, ցավը, մի Բան, որը լինի հավիտենական իր սիրո լուսավոր անհասանելիությունը…»
«… քանզի ինքը սիրո կարոտ է, գինարբուքի կարոտ, անհոգության կարոտ, գործի կարոտ, երջանկության կարոտ, կարոտի կարոտ ու այդպես, միշտ մի Բանի կարոտ…»

«Եվ Աստված տեսավ, որ բարի են…»

«Վարպետ է երկու լրիվ տարբեր գոյություն, երևույթ իրար կապելու, և իր դատապաշտպանական սկզբունքն էլ դա եղավ՝ միակ ճշմարտության բազմապիսությունը։ Սակայն՝ ուրիշի դատը պաշտպանելու համար: Բայց ահա, Ուրիշին է հրավիրում պաշտպանելու իր դատը…»

«Ամենաշատը ինքը չհավատաց երկնային կյանքին և ինքն էր, որ ամենաշատ կապվեց ու վստահեց իր հողին…»

«Եվ գերեզմանները շինեց իր տնից մեծ, լուսավոր ու կանգուն…»

«… բայց հողի մեծագույն հավատն իր միջից արձակվեց առ երկինք…»

«Աշխարհի որ ծայրում էլ լինի՝ նրա համար ճիշտը գնալն է, բայց քոչվորության ոչ մի նշույլ…»

«… մի բան պարզ է՝ իրենցը դրախտից-դժոխք, դժոխքից-դրախտ տանող փոշոտ ճամփան է, և՝ ոչ մեկը, ոչ էլ մյուսը…»
«Ոչ մի տեղ, ոչ մի այլ երկրում դեսպան չունեն, բայց իրենցից յուրաքանչյուրը հոյակապ մի դեսպանացու է…»

«Եվ Աստված տեսավ…»

«Իրենը բարության ծայրահեղն է, քաջության անմիտը, միայնակյացների ստվարությունը, ճշմարտության անսովորը: Չափավորության խախտումը, ծայրահեղության չափավորությունը, անբռնազբոսիկության պոզան, ցանկությունների արգելվածը, խախտման օրինաչափությունը, հույսերի անիրականանալին, երազների կատարվածը…»
«Թերիության կատարյալը, բարձրության ստորոտը, կործանման դիտավորությունը, դիտավորության պատահականությունը, ճակատագիրը, ճակատագրի դժբախտը, դժբախտության անմահությունը: Ազատության պատկանելիությունը, կայունության հեղափոխությունը, հեղափոխության անվերջությունը և անվերջության սահմանագիծը: Միակողմանիության բազմապիսությունը, վարակի համաճարակը, ձեռնպահության դավաճանությունը, լուրի գույժը, լավի հակառակը, վատի՝ հակառակը, հակառակի ընդհակառակը…»[/size]
mhovhan
 
Сообщения: 16
Зарегистрирован: 14.05.2007, 20:30:19
Откуда: Moscow, Russia


Вернуться в Литература | Գրականություն

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 0

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100